Ծնվել է 1953թ. նոյեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ծնողները՝ Գևորգ Աբրահամի Աբրահամյանը և Լյուբա Գրիգորի Աբրահամյանը, լինելով վաստակավոր մանկավարժներ, դասավանդել են գյուղի միջնակարգ դպրոցում: Լուսավորության տարածման նպատակով հայրը անցած դարի երեսունական թվականներին Լենինականի Պոլիգոն որբանոցից հասել է Թալիշ գյուղ, իսկ մայրը, նույն նպատակով, անցած դարի քառասունական թվականների սկզբին ժամանել է Բաքվից: Ծնողներն ունեցել են բարձրագույն կրթություն՝ գերազանցությամբ ավարտելով Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտը` Բաքու քաղաքում:
1970թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1970-1975թթ. սովորել և հաջողությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը ու ստացել ինժեներ տնտեսագետի որակավորում «Մեքենաշինական արտադրության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ:
1979թ. մրցույթով ընդունվել է Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայի ցերեկային բաժինը, որը հաջողությամբ ավարտել է 1982թ: 1983թ. նույն բուհում հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ նույն մասնագիտությամբ:
1975-1979թթ. և 1982-2004թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական արտադրական միավորումում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ արտադրամասի տնտեսագետ (1975-1979թթ.), գիտատեխնիկական առաջընթացի բյուրոյի ղեկավար (1983-1984 թթ.), գլխավոր տնտեսագետ (1985-1990թթ), գլխավոր տնօրենի տեղակալ տնտեսագիտական և արտադրական հարցերի գծով (1990-1997թթ.), աշխատանքային կոլեկտիվի խորհրդի նախագահ և բաժնետիրական ընկերության փոխնախագահ (1994-1997թթ.):
1997-2004թթ. աշխատել է «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ գլխավոր տնօրեն: Գլխավոր տնօրենի համառ ջանքերով 1997-2004թթ. ամբողջությամբ վերականգնվել և վերակառուցվել է միավորման կազմակերպական և արտադրական-տեխնոլոգիական համալիրը: Մշակվել, յուրացվել ու կազմակերպվել է նոր տիպաչափի մետաղահատ հաստոցի խոշոր խմբային արտադրությունը, որը ուներ մեծ պահանջարկ արտասահմանյան երկրներում և ամբողջությամբ արտահանվում էր: Նույն ժամանակահատվածում հաջողությամբ իրականացվել են ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական համալիրի պատվերները՝ խոշոր խմբաքանակով թողարկվել է պատրաստի զինատեսակ, կատարվել են առանձին զինատեսակների խոշոր խմբաքանակների նորոգման-վերականգնման աշխատանքներ: Մշակվել ու կատարելագործվել է ՀՀ կողմից ներմուծվող զինատեսակ և հաջողությամբ իրականացվել է փորձնական խմբաքանակի փորձարկման աշխատանքները՝ սեփական արտադրության զինամթերքով: Նախագծված զինատեսակը իր ցուցանիշներով գերազանցել է ներմուծվող զինատեսակի տեխնիկական-շահագործման ցուցանիշները:
2004թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, իսկ 2005թ.՝ նաև Երևանի պետական համալսարանում:
2011թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2016թ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
Հրատարակել է 99 գիտական աշխատանք, որից՝ երկու մենագրություն և երեք ուսումնական ձեռնարկ:
1991-1995թթ. հանդիսացել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
CV